
Գառնու պատմամշակութային հնավայրում վերականգնվում է բաղնիքի խճանկարը
Կոտայքի մարզի Գառնու պատմամշակութային հնավայր-թանգարանում սկսվել են բաղնիքի խճանկարի վերականգնման աշխատանքները։ Ֆլորենցիայի L’Opificio delle Pietre Dure ինստիտուտի մասնագետները սեպտեմբերի 1-ից զբաղվում են խճանկարի առավել վտանգված հատվածների վերականգնմամբ։
Տեղում արդեն մաքրվել է խճանկարի մի մասը, ամրակայվել են որոշ հատվածներ և իրականացվել պահպանական միջոցառումներ։ Մասնագետները նաև նմուշառումներ են կատարել նախկինում՝ մոտ 30 տարի առաջ իրականացված վերականգնման նյութերից, որպեսզի պարզեն, թե ինչ նյութեր են օգտագործվել խճանկարի նորոգման համար։
Վերականգնման աշխատանքներին մասնակցում են նաև Հայաստանի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները։ Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանից Amnews-ին հայտնեցին, որ համագործակցությունը շարունակական է լինելու։
ԿԳՄՍ նախարարության ծրագիրն է, բայց քանի որ Գառնին մեր վերահսկողության ներքո է, մեր մասնագետներն էլ են մասնակցում աշխատանքներին։ Այս պահին վերականգնման մասնագետները աշխատում են խճանկարի վերականգնման և պահպանման վրա։ Կոնսերվացիայի աշխատանքներ են տարվում։ Հետագայում աշխատանքներւը կշարունակվեն։
Իտալացիների հետ համագործակցության առաջին փուլը կայացել է մայիսին։ Սա երկրորդ փուլն է։ Իրենք ամեն անգամ նոր նմուշառումներ են իրականացնում, ուսումնասիրություններ կատարում և արդյունքները ստանալուց հետո միայն վերադառնում են ու անցնում հաջորդ փուլին, որպեսզի վերականգնումը ճիշտ արվի։ Հաջորդ փուլը նախատեսված է հոկտեմբերին։
Մասնակի նորոգումից հետո խճանկարը կկոնսերվացվի, իսկ աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերին՝ լրացուցիչ ուսումնասիրություններից հետո։