ՀայաստանՍոցիալական

Երևանում կթույլատրվի կրճատել ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը

Երևանում կնվազեցվի ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը։ Նախագիծը ներկայացվեց սեպտեմբերի 9-ի Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում։

Ըստ նախագծի՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկը կթեթևացվի՝ մինչև 50.000 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի համար՝ 25%-ով, իսկ 50.000 քմ և ավելի մակերեսի դեպքում՝ 50%-ով։ Միաժամանակ, կառուցապատողները ազատվում են այդ ժամանակահատվածի համար սահմանված և չվճարված տույժերից։

Ավարտական ակտ չստացած շինությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է 2023 թվականից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը առաջարկել էր ամբողջությամբ զրոյացնել հարկը, սակայն քաղաքապետարանը ներկայացրել է այլ տարբերակ։

Նա հավելեց, որ այս խնդիրը մասամբ մեղմվում է Երևանում, սակայն նման լուծումներ անհրաժեշտ են նաև այլ համայնքներում։ Այս որոշումը շահավետ է ոչ միայն կառուցապատողների, այլև այն մարդկանց համար, ովքեր բնակարան են գնել նորակառույց շենքերում։

Քաղաքապետը հիշեցրեց նաև սնանկացման դեպքերի մասին, օրինակ՝ Միկոյանի շենքերը, որտեղ գործընթացը մեծ խնդիրներ է առաջացնում և շինարարների, և բնակարան գնողների համար։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ խնդիր կա, սակայն այն քաղաքի վատ կառավարման և անփույթ աշխատանքների արդյունք է։ Նա հիշեց, որ բազմիցս զգուշացրել է շինարարների անկայուն վիճակի մասին։ Նա նաև նշեց, որ այս որոշման արդյունքում Երևանի բյուջեն որոշ չափով կկորցնի մուտքերը։

Ավագանին կողմ քվեարկեց նախագծին։

Սաթենիկ Ավետիսյան