
Ինչպե՞ս և ինչո՞ւ է կարևոր Վերին Լարսը Հայաստանի համար
Վերին Լարսը Հայաստանում շատ ավելի է, քան պարզապես ճանապարհ․ դա միակ ցամաքային «դարպասն» է, որը Հայաստանի կապն ապահովում է Ռուսաստանի հետ՝ Վրաստանի տարածքով։ Հենց այս միջանցքի շնորհիվ է, որ մեր երկիրը շարունակում է պահպանել իր տնտեսական ու ռազմավարական կապերը հարևան ու դաշնակից պետությունների հետ։ Շուրջ տարիների պատմության ընթացքում Վերին Լարսը դարձել է կենսական ուղի՝ առևտրի և էներգետիկ ռեսուրսների համար։
Մինչև 1991 թվականը Վերին Լարսի ճանապարհը հիմնականում ծառայում էր որպես Սովետական Միության զինվորական և քաղաքացիական ճանապարհ՝ Ռուսաստանից դեպի Հարավային Կովկաս՝ Վրաստանի տարածքով։ Իրավիճակը փոխվեց 1991 թվականից հետո, երբ Աբխազիայում տեղի ունեցավ որոշակի «տեղաշարժեր»։ Աբխազիան առանձնացավ։ Հիմնական ճանապարհը, որ Աբխազիայով էր անցնում, փակվեց, և այդ պայմաններում Վերին Լարսի ճանապարհը դարձավ հիմնական տարածաշրջանի երկրների համար, մասնավորապես Հայաստանի, Թուրքիայի, նաև մասամբ նաև Ադրբեջանի ու Իրանի համար։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, թե ինչ խնդիրների է հանգեցնում անցակետը։
Մի քանի երկրներ պարտադրված օգտվում են զինվորական նշանակություն ունեցող այդ ճանապարհից, որը, անշուշտ, շատ փոքր թողունակություն ունի և ստեղծված չի եղել այդպիսի մեծ ծավալներ սպասարկելու համար։ Տնտեսագետը Այս ընթացքում պարբերաբար աշխատանքներ է տարվում այդ ճանապարհի թողունակությունը ավելացնելու համար։ Կառուցվել է և կառուցվում է թունել, որի բացումը կլինի շուտով Վրաստանում։ Այն կավելացնի թողունակությունը այդ ուղղությամբ։ Դրանից զատ խնդիրը եղանակային պայմաններն է։ Այդ անցակետը անցնում է բավականին բարձր լեռնային հատվածով։ Անձրևը, ձյունը և այլն իր ազդեցությունն են թողնում այդ անցակետի անխափան աշխատելու վրա։ Դրանից զատ՝ շատ կարևոր խնդիր է նաև քաղաքական մթնոլորտը, իրավիճակը պետությունների միջև։ Գաղտնիք չէ, երբ տեղի են ունենում որոշակի քաղաքական սրացումներ, անցակետի աշխատանքը դանդաղում է կամ որոշակի սահմանափակումներ են լինում։
Հայաստանի պարագայում այս անցակետը միակն է դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու համար ցամաքային ճանապարհով։ Հայաստանը դեպի Ռուսաստան այլընտրանք այս պահին չունի։ Տնտեսագետը նշում է, թե հատկապես տնտեսության որ ոլորտներն են վնաս կրում անցակետի փակվելուց։
Մեր բեռները՝ մասնավորապես, կոնյակ, պահածոներ, գյուղմթերք և այլն, հիմնականում արտահանվում են այդ ճանապարհով։ Իսկ գյուղմթերքը Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն, որ մոտ 300 հազար գյուղացիական տնտեսություններ ունենք։ Եթե այդ բերքը չկարողանանք իրացնել այդ ճանապարհով, ապա խնդիրներ են ունենալու, ոչ միայն արտահանողները, այլ նաև գյուղացիները։ Նաև պետք է ավելացնենք գյուղմթերք վերամշակողների։ Խոսքը կոնյակագործներ, գինեգործների, պահածոներ արտադրողների մասին է։ Առաջին վնասը կրում են գյուղմթերք արտադրողները և գյուղմթերք վերամշակողները։
Չնայած արտահանման խնդիրները առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար, ներկրման մասով ևս կան խնդիրներ։ Պարսյանը անդրադառնում է վառելիքի թանկացմանը։
Ներկրման մասով հիմնական խնդիրը հեղուկ գազն է։ Դիզելը և բենզինը մենք ներկրում ենք Ռուսաստանից երկաթուղու միջոցով, բայց հեղուկ գազը ներկրում ենք ցամաքային ճանապարհով` Վերին Լարսով, և օրինակ, երբ փակվում է անցակետը, մատակարարումները դադարում են և գինը բարձրանում է։
Այն հարցին, թե արտահանման ժամանակ նոր ծախսեր առաջանում են, տնտեսագետը բացատրում է։
Անցակետում գտնվող բեռնատարների վարորդները լրացուցիչ գումար են պահանջում ամեն լրացուցիչ օրվա համար։ Օրինակ, իրենք նախատեսել են, որ 7 օրում պետք է բեռը Հայաստանից տանեն Ռուսաստան։ Եթե գալիս են անցակետ, անցակետում իրանք ստիպված են մնալ, ապա բեռնատարի վարորդները, օրինակ, ամեն օրվա համար 100 դոլար գումար են գանձում իրենց ուտելու, ապրելու համար՝ դրան գումարած նաև լրացուցիչ վառելիք։
Վերին Լարսի այլընտրանքներն էլ քիչ են։ Ըստ Պարսյանի՝ Իրանի տարածքով կարող ենք բեռները տեղափոխել, բայց դա ավելի ժամանակատար-աշխատատար է։ Բացառիկ դեպքերում կարող է նման բան լինել, բայց դա շատ թանկ է։ Այլընտրանքային ճանապարհ կարող է լինի Ադրբեջանի տարածքով ճանապարհի առկայությունը։ Էական չէ, թե այն կլինի երկաթուղային թե ավտոմոբիլային ձևով։