ՀայաստանՍնունդ

Արմավիրում կասեցվել է «Արմավիր Գարդեն» սննդի օբյեկտի գործունեությունը

Արմավիրում դադարեցվել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ օբյեկտում խախտված են սանիտարահիգիենիկ նորմերը։ Շենքային կառուցվածքները չեն ապահովել պատշաճ հիգիենայի պահպանումը և չեն բացառել կեղտի կուտակումը, աշխատակիցների համար չի եղել հանդերձարան, պատերն ու առաստաղը չեն համապատասխանում մաքրման և ախտահանման պահանջներին, իսկ սառնարանային դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու կոռոզիայի չենթարկվող։ Դրանք գտնվել են ոչ բարվոք վիճակում։

Տեսչական մարմինը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին նույն օբյեկտում սնված տասներկու քաղաքացի դիմել էին բժշկական կենտրոն սննդային թունավորման ախտորոշմամբ։ Դեպքից հետո տեսուչները նմուշառումներ են իրականացրել հավի մսից և դրա հիմքով պատրաստված ուտեստներից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։

Սեդա Մարտոյան