
Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես սահմանափակված է
Վրաստանի Ստեփանծմինդայի շրջանում սեպտեմբերի 10-ի վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով սելավ է գրանցվել Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արդեն մեքենաների հերթեր են գոյացել։ Այս պահին տեղում չորս տրակտորներ են աշխատում։
Կատարվում են մաքրման աշխատանքներ, տրանսպորտի շարժը երկու կողմից ժամանակավորապես սահմանափակված է։
Ռուսաստան–Վրաստան սահմանային անցակետը գործում է սովորական կարգով։
Հարկ է նշել, որ Թբիլիսի-Վերին Լարս ճանապարհը Հայաստանի համար Ռուսաստանի հետ հիմնական ցամաքային հաղորդուղին է։ Ցանկացած սահմանափակում անմիջապես անդրադառնում է բեռնափոխադրումների և ուղևորահոսքի վրա։ Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով ամեն օր անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։