
Երևանի կենտրոնի հոսանքազրկումները մեծ խցանումներ են առաջացրել փողոցներում
Երևանի կենտրոնում հոսանքազրկումների պատճառով մի շարք խաչմերուկներում սեպտեմբերի 10-ին լուսացույցները նույնպես անջատվել են։ Արդյունքում երթևեկությունը վերածվել էր խառնաշփոթի․ վարորդները փորձում էին ինքնուրույն կողմնորոշվել, իսկ հետիոտները՝ անցնել ճանապարհը սեփական պատասխանատվությամբ։ Տեղում ճանապարհային կարգավորողներ չկային, ինչն ավելի էր մեծացնում վթարների և խցանումների վտանգը։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ մայրաքաղաքի երթևեկության կառավարումը չափազանց խոցելի է նմանատիպ տեխնիկական խափանումների դեպքում։
Բացի այդ՝ Երևանի փողոցների զգալի մասը բարձր ծանրաբեռնվածության է։ Մի քանի րոպե չգործող լուսացույցը բավարար է, որպեսզի փողոցներում կուտակվեն տասնյակ մեքենաներ։ Եթե դրան գումարվում է նաև կարգավորողների բացակայությունը, ապա խցանումներն ու վթարների հավանականությունը դառնում են անխուսափելի։ Հենց դա է պատճառը, որ հոսանքազրկումից կարճ ժամանակ անց Յանդեքսը քաղաքի ծանրաբեռնվածությունը 7 բալ էր գնահատում։ Քարտեզին նայելիս կարելի էր տեսնել, որ խցանումներ են հիմնականում հոսանքազրկված փողոցներում (Կորյուն, Սայաթ Նովա, Իսահակյան, Խանջյան, Աբովյան, Հերացի)։
Հարց է առաջանում՝ արդյոք համապատասխան մարմինները կանխատեսո՞ւմ են նման իրավիճակները, և ինչու տեղում կարգավորողներ չեն հայտնվում առնվազն ժամանակավոր լուծում ապահովելու համար։
Այլ երկրներում տարբեր համակարգեր են գործում՝ նման խնդիրներից խուսափելու համար լուսացույցների մեջ մարտկոցներ են տեղադրում կամ գեներատորներ, որոշ դեպքերում էլ՝ արևային լուսացույցներ։