ՀայաստանՍնունդ

Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում դադարեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի գործունեությունը։ Որոշումը կայացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ արտադրամասում արձանագրված բազմաթիվ սանիտարահիգիենիկ խախտումների հիմքով։

Տեսուչները արձանագրել են, որ շինության առաստաղներն ու պատերը կեղտոտ են եղել, առկա է եղել խոնավություն ու բորբոս, ինչը մեծացրել է սննդամթերքի աղտոտման վտանգը։ Արտադրական սարքավորումները չեն ենթարկվել անհրաժեշտ տեխնիկական սպասարկման և վերանորոգման, բացվող պատուհանները չեն ունեցել միջատներից պաշտպանող ցանցեր, իսկ տարածքում բացակայել են բնական ու մեխանիկական օդափոխության միջոցները։ Ստուգման ժամանակ նաև արձանագրվել է, որ արտադրամասը պաշտպանված չի եղել կենդանիների և միջատների ներթափանցումից, իսկ անձնակազմի համար նախատեսված հանդերձարան ընդհանրապես չկար։

Տեսչական մարմնի կողմից արտադրամասի սեփականատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և արտադրական գործընթացը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին։ Խախտումների վերացման համար սահմանվել է կոնկրետ ժամկետ։

Սեդա Մարտոյան