ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը արտաքին հետախուզության ծառայությանը կհատկացնի շենք

Կառավարությունը որոշել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությանը հատկացնել սեփական շենք։ Ըստ որոշման՝ շենքի հասցեն գաղտնի է, իսկ կառուցման/գնման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի շուրջ 1 միլիարդ 710 միլիոն դրամ։ Թվում է՝ հերթական տեխնիկական որոշում է, բայց իրականում այն առաջացնում է մի շարք լուրջ հարցեր։

Հասկանալի է, որ հատուկ ծառայությունների գործունեությունը պահանջում է գաղտնիություն։ Սակայն գաղտնիությունը չպետք է վերածվի հանրային վերահսկողության բացակայության։ Այսօր չենք իմանում՝ խոսքը նոր շենքի կառուցման, գնման, թե վերանորոգման մասին է։ Չկա բացատրություն, թե ինչ ծախսեր են ներառված այդ գումարի մեջ։ Իսկ երբ խոսքը գնում է պետական բյուջեի միլիարդավոր դրամների մասին, հասարակությունը իրավունք ունի ստանալու գոնե ընդհանուր պատասխաններ։

Հայաստանը կանգնած է մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ․ առողջապահության և կրթության համակարգերում ֆինանսավորման պակաս, գյուղական համայնքներում ենթակառուցվածքների խիստ խնդիրներ, բնակչության լայն շերտերի սոցիալական ծանր վիճակ։ Այս պայմաններում բյուջեի պահուստային ֆոնդից նման մեծ գումար հատկացնելը արդյո՞ք արդարացված է։ Կարելի է ընդունել, որ անվտանգության ոլորտը միշտ պահանջում է ներդրումներ, սակայն պետք է հստակեցնել՝ սա նվազագույն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ պարզապես վարչական հարմարավետություն ապահովելու քայլ։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նոր շենքը կապահովի ծառայության «բնականոն գործունեությունը»։ Բայց արդյո՞ք հենց շենքն է եղել բնականոն գործունեության խոչընդոտը։ Եթե համակարգում կան կառուցվածքային կամ կադրային խնդիրներ, նոր շենքը դրանց լուծում չի տալու։