ՀայաստանՌազմական

Ե՞րբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը դեռ 2022-ին էր խոստացվել, այս պահին դեռևս փակ դռների հետևում է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ուսումնասիրում է փաստաթուղթը, իսկ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ այն կներկայացվի սեպտեմբերին՝ հիմնականում փակ ձևաչափով։

Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Խոստանում էին, որ զեկույցը կպատրաստվի մեկուկես-երկու ամսում։ Այսօր, գրեթե երեք տարի անց, այն դեռևս հանրությանը չի ներկայացվել։ Այս ուշացումը ինքնին հարցեր է առաջացնում․ արդյո՞ք սա կապված է տեխնիկական բարդությունների հետ, թե՞ քաղաքական հաշվարկների։

Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ զեկույցի մեծ մասը գաղտնի է և պետք է ներկայացվի փակ նիստում։ Սակայն «գաղտնիություն» եզրույթը չի կարող արդարացնել հասարակության հանդեպ լիակատար լռությունը։ Պատերազմի հետևանքով հազարավոր կյանքեր խլվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան տեղահանված։ Հանրությունը ունի ճշմարտությունը իմանալու իրավունք։ Գաղտնի կարելի է պահել միայն այն հատվածները, որոնք վերաբերում են կոնկրետ ռազմական տեխնիկական լուծումներին, բայց ոչ՝ քաղաքական որոշումների պատասխանատվությանը։

Քոչարյանը հայտարարում է, որ զեկույցը ճիշտ կլինի հրապարակել սեպտեմբերի 27-ից հետո, քանի որ դա սիմվոլիկ օր է։ Իրականում սա ավելի շատ հիշեցնում է հանրային ընկալումը կառավարելու փորձ, քան իրավական կամ քաղաքական գործընթաց։ Պատերազմի մասին ճշմարտությունը սիմվոլիկ օրերի հետ կապելն անընդունելի է․ ճշմարտությունը պետք է ներկայացնել հնարավորինս արագ և ամբողջական։

Երկու տարի շարունակ զեկույցի հրապարակման ձգձգումը և դրա գաղտնիության շեշտադրումը ստեղծում են այնպիսի պատկեր, որ իշխանությունները փորձում են խուսափել իրական քաղաքական պատասխանատվությունից։ Եթե զեկույցը պարզապես փաստաթուղթ է, որը պետք է օգնի սխալները չկրկնելու համար, ապա ինչո՞ւ այն փակել հանրությունից։