ՀայաստանՔաղաքականություն

Սյունիքի և Զանգելանի սահմանային հատվածներում հայ-ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային հատվածներ։ Այցելությունները կազմակերպվել են երկու երկրների փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ։ Այս մասին՝ Amnews-ին հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։

Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամներ, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի և տարածքային կառավարման կառույցների ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման, ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման հարցեր։ Նպատակ է դրվել սինխրոնացնել գործողությունները՝ հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կազմակերպմանը։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ։

Նախորդ ամիս Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում, որը պետք է ապահովի Ադրբեջանի առևտրային ելքը դեպի Նախիջևան։ Այս համաձայնությունների շուրջ արդեն ստորագրվել է խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ փաստաթուղթ։

2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը: Համաձայնություն էր ձեռք բերվե սահմանազատումը սկսել հյուսիսից՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանից և ավարտել երկրի հարավում՝ Հայաստան-Իրան-Ադրբեջան։

Թե ինչ է փոխվել և թե ինչու է կողմերի հանդիպումը կայացել հարավային շրջաններում, դեռևս պարզ չէ։