Երևանում հեծանվային ճանապարհներ են կառուցվելու
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում հայտարարել է, որ հաջորդ տարվանից մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում կմեկնարկի լայնածավալ նախագիծ՝ ուղղված հետիոտնային տարածքների ընդլայնմանը և հեծանվային երթուղիների ստեղծմանը։
Քաղաքապետի խոսքով՝ Երևանը պետք է լինի առաջին հերթին հարմարավետ մարդկանց համար։
Նախ պետք է ապահովել պայմաններ հետիոտների համար, ապա՝ հեծանվորդների, հետո՝ հասարակական տրանսպորտի, և միայն վերջում՝ ավտոմեքենաների, – ընդգծել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև հանրային տրանսպորտի զարգացման մեծ ծրագիր։ Մասնավորապես՝ Փոքր Կենտրոնում ավտոմեքենաների երթևեկությունն ու կայանատեղիները կնվազեցվեն, իսկ առաջիկայում կգործարկվի շուրջ 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ավինյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ավտբուսների ավելացումը կարող է բերել նոր խցանումներ։
Բացի այդ, քաղաքապետարանը նպատակ ունի մեծացնել ավտոբուսային հատուկ գոտիների թիվը՝ հատկապես խոշոր վարչական շրջաններում, օրինակ՝ Արաբկիրում։
Հեծանվային արահետների քաղաքականությունը կիրառվում է մի շարք երկրներում։ Նիդերլանդների մայրաքաղք Ամստերդամը և Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը համարվում են հեծանվային ենթակառուցվածքների առաջատար քաղաքներ։
