ՀայաստանՍոցիալական

Ներդրումային խաբեությունների աճող վտանգը․ ինչպե՞ս են մարդիկ հայտնվում «արագ շահույթի» թակարդում

Հայաստանում վերջին ամիսներին ակտիվորեն տարածվում են նոր օնլայն հարթակներ, որոնք խոստանում են արագ և երաշխավորված եկամուտներ։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես «նորարար ներդրումային հնարավորություններ», սակայն իրականում գործում են ֆինանսական բուրգի սկզբունքով՝ դառնալով ներդրումային խաբեությունների դասական օրինակ։ Amnews-ը հրապարակել է նման մի քանի  ծրագրի մասին, որոնց զոհն են դարձել մի շարք քաղաքացիներ։ Դրանցից շատերը արդեն փակվել են և չեն գործում։  Սակայն բացվում են նորերը, որոնք, ի տարբերություն մյուսների, չունեն գրասենյակներ, կառավարվում են արտերկրից և շատ դժվար է բացահայտել կազնակերպիչներին։

Հարյուրավոր քաղաքացիներ արդեն փորձել են իրենց բախտը, ոմանք նույնիսկ սկզբնական շրջանում որոշ գումարներ ստացել են, սակայն մեծ մասը մնում է առանց ներդրած գումարի։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ իրական ներդրումները հեշտ է տարբերել կեղծերից, եթե մարդը տեղյակ է ֆինանսական գործիքների տրամաբանությանը։

Նրա խոսքով՝ նման ծրագրերի հիմնական ռիսկը ներդրված գումարի ամբողջական կորստի վտանգն է։

Տնտեսագետը նաև ընդգծում է, որ ներդրումային խարդախությունները բացասաբար են ազդում երկրի տնտեսության վրա․ քաղաքացիները կորցնում են վստահությունը ֆինանսական համակարգի հանդեպ և խուսափում անգամ օրինական ներդրումներից։

Իրավաբանի գնահատմամբ (նրա անունը հրապարակման մեջ չենք նշում՝ ըստ խնդրանքի) նման ծրագրերը Հայաստանում համարվում են հանցագործություն։ Հայաստանի Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը հստակ սահմանում է ֆինանսական բուրգի հանցակազմը․դա այն գործունեությունն է, երբ ներդրողին խոստացված շահույթը կախված է բացառապես նոր ներդրողների գումարներից, առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության։ Այսինքն՝ համակարգը գործում է միայն նոր մարդկանց ներգրավմամբ, ինչը երկարաժամկետ չի կարող լինել։

Զոհերի պատմությունները, թեև տարբեր են, բայց ընդհանուր տրամաբանությամբ նման են․ սկզբում մարդիկ փոքր գումարներ են ներդնում, ստանում որոշակի եկամուտ և ավելի են խրախուսվում նոր գումարներ ներդնելու։ Շատերը նույնիսկ իրենց ծանոթներին ու հարազատներին են ներգրավում, ինչը բերում է ավելի մեծ կորուստների։

Կիբեռանվտանգության մասնագետների դիտարկմամբ՝ կեղծ հարթակները կարելի է տարբերել մի քանի նշաններով։ Նախ, դրանք սովորաբար չունեն իրական լիցենզիա կամ վերահսկողություն իրականացնող մարմինների թույլտվություն։ Կայքի կամ հավելվածի դոմեյնային տվյալները հաճախ գրանցված են անհայտ կամ կարճաժամկետ ձևով, իսկ SSL անվտանգության վկայագրերը՝ կասկածելի։ Եթե հարթակը չի տրամադրում ընկերության մասին պաշտոնական տվյալներ, եթե անհասկանալի է, թե որտեղից են ստացվում եկամուտները, կամ եթե խոստանում են անհավանական բարձր տոկոսներ կարճ ժամկետում, դա հստակ նշան է, որ գործ ունենք խաբեության հետ։ Բացի այդ, նման կայքերում հաճախ վտանգվում են նաև օգտատերերի անձնական տվյալները և բանկային քարտերի տվյալները, որոնք կարող են օգտագործվել հետագա հափշտակությունների համար։

«Hello bit» հարթակը ևս նմանատիպ խարդախություն է, որ շատերին է գրավում։ Այն կառուցված է նույն սխեմայի վրա և կարող է շատ կարճ ժամանակում խլել հարյուրավոր քաղաքացիների գումարները։

ՆԳՆ կիբեռանվտանգության վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ նման ներդրումային հարթակները գործում են նույնատիպ մեխանիզմով։ Սկզբում քաղաքացիներին ներգրավում են «բարձր շահույթի» խոստումներով՝ առաջարկելով ներբեռնել հավելված կամ օգտվել կայքից։ Նրանց տրամադրվում է դեմո հաշիվ, որտեղ արհեստականորեն ցուցադրվում է գումարի արագ աճ։ Առաջին փուլում հաճախ թույլ են տալիս կանխիկացնել մի փոքր գումար՝ վստահություն ներշնչելու համար։ Սակայն ավելի մեծ ներդրում կատարելուց հետո համակարգը կանխիկացման հնարավորություն չի տալիս։ Հանցավոր խմբի անդամները կարող են նույնիսկ ներկայանալ որպես բանկի աշխատողներ և պահանջել լրացուցիչ վճար՝ գումարը դուրս բերելու պատրվակով, ինչի արդյունքում քաղաքացին կորցնում է իր ներդրած գումարն ամբողջությամբ։

Մկրտչյանը նշում է, որ 2025 թվականին արդեն երեք խոշոր նման դեպք է բացահայտվել։ Չնայած հարթակների անվանումները տարբեր են, դրանց գործունեության մեխանիզմները և կազմակերպիչները հիմնականում նույնն են։ Շատ դեպքերում խաբեությունները համակարգվում են արտերկրից, իսկ Հայաստանում գործող խմբերը միայն միջանկյալ օղակ են։ Նրա խոսքով՝ սա վկայում է, որ խնդիրը գլոբալ բնույթ ունի, և քաղաքացիները պետք է առավել զգոն լինեն «արագ շահույթի» խոստումների հանդեպ։

Սեդա Մարտոյան