ՀայաստանՍոցիալական

Եկամուտների հայտարարագիր ներկայացրել է ընդհանուր թվի ընդամենը մոտ 15 տոկոսը

Հայաստանում շուրջ 92 հազար վարձու աշխատող արդեն ներկայացրել է եկամուտների հայտարարագիր, իսկ դա մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնողների ընդհանուր թվի ընդամենը մոտ 15 տոկոսն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները չներկայացնեն հայտարարագրերը, ապա կկիրառվեն տույժեր․ սկզբում կտրվի նախազգուշացում, այնուհետև 30 օր չներկայացնելու դեպքում կկիրառվի 5000 դրամ տուգանք, այդ ժամկետը նույնպես չարաշահելու դեպքում՝ 10․000 դրամ։

Ծրագիրը սկզնական շրջանում էլ խոստումնալից չէր թվում։ Հայտարարագրման վերջնաժամկետները մի քանի անգամ փոխվեցին, սակայն այդպես էլ գրանցումների մեծ հոսք չարձանագրվեց։

Հայտարարագիր լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ նոր նմուշի նույնականացման քարտ։ Թեև քարտերի տրամադրման գործընթացում որոշ ուշացումներ կան, ավելի քան 600 հազար քաղաքացի արդեն ստացել է դրանք։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում, ապա այս թիվը նույնպես քիչ է։

Նշենք, որ վարձու աշխատողները և քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող քաղաքացիները պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Բացի այդ, եթե հայտարարագիր ներկայացնողը կատարել է սոցիալական ծախս, ապա տարեկան մինչև 100 հազար դրամի չափով փոխհատուցման իրավունք ունի։