Հայաստանում 2026 թվականից թոշակառուները ևս կպարտավորվեն հայտարարագիր լրացնել
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սեպտեմբերի 12-ին հայտնեց, որ մինչև տարեվերջ կներկայացվի հայտարարագրման համակարգի բարելավման փաթեթ, որը նպատակ ունի քաղաքացիների համար գործընթացը պարզեցնել։
Պատգամավորի խոսքով, հաջորդ տարի հայտարարատու կդառնան ևս 500 հազար քաղաքացի, որոնց թվում կլինեն նաև թոշակառուները։ Արդյունքում խմբակցությունը նախատեսում է առաջարկել լուծումներ, որոնք նրանց համար դժվարություններ չեն ստեղծի։ Սակայն հարկ է նշել, որ բարձր տարիքի մարդիկ հաճախ դժվարանում են հեռախոսից օգտվել և սա նոր գլխացվանք կարող է դառնալ նրանց համար։ Մեկ այլ կողմից էլ, հայտարարագիր ներկայացնելով, նրանք նույնպես կկարողանան օգտվել սոցիալական վճարի վերադարձի արտոնությունից և հետ ստանալ, օրինակ, առողջության համար կատարված ծախսերի գումարը (50 հազար դրամ)։
Թունյանը հիշեցրեց նաև, որ այս տարվա նոյեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանա ներկայացնել նույնականացման քարտ՝ անձնագրային բաժինների ծանրաբեռնվածության պատճառով, տուգանք չի նախատեսվում, և նրանց համար հայտարարագիր լրացնելու ժամկետը կերկարաձգվի։
Միևնույն ժամանակ, փաստերը ցույց են տալիս, որ ներկայիս համակարգը առայժմ էլ լիակատար չի գործում։ Այս տարի մինչ նոյեմբերի 1-ը վարձու աշխատողների ընդամենը 15%-ը՝ 92 հազար մարդ է ներկայացրել հայտարարագիր։ Բացի այդ՝ շուրջ 1 տարվա ընթացքում 600 հազար քաղաքացի է ստացել նույնականացման քարտ, ինչը հայտարարագրման մի մասն է կազմում։ Կառավարությունը ինքն էլ հասկանում է, որ այդ ոլորտում մեծ բաց կա։ Այդ իսկ պատճառով մե՛կ ձգձգվում է հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, մե՛կ զիջումներ կատարում նույնականացման քարտի հետ կապված խնդիրներ ունեցողների համար։
