ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ հայ-թուրքական բանակցությունների
Երևանում, կառավարության շենքի դիմաց, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի Հայաստան ժամանման հետ։
Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքին ունեցել են «Ոչ ուրացմանը» գրությամբ պաստառներ, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների լուսանկարները։ Նրանք հայտարարեցին, որ չեն ընդունում ներկայիս իշխանությունների վարած օրակարգը՝ ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքականությունը վերջին հարյուր տարում չի փոխվել։
Այսօր մեր խոսքը ոչ թե թուրք բանագնացին է, այլ Հայաստանի իշխանություններին։ Եթե Քըլըչը գալիս է Հայաստան, նա պետք է հանդիպի նաև հայ ժողովրդի այն հատվածի հետ, որը չի ուրանում Ցեղասպանության հիշատակը և պահանջում է հատուցում,– ասաց ՀՅԴ Երևանի կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։
Մասնակիցները նշել են, որ ցանկանում են Քըլըչին ուղեկցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացնել Ադրբեջանում պահվող գերիների ընտանիքների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերդար Քըլըչը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետում, հանդիպել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Նա նաև այցելել է ԱԳՆ, սակայն հանդիպումների մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել։
