Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը (ժողովուրդը նաև ասում է Սբխեչ)՝ հինգ տաղավար տոներից վերջինը։ Այն նվիրված է Տիրոջ սուրբ խաչի վերադարձին՝ պարսկական գերությունից և Երուսաղեմում վեր կանգնեցմանը։ Խաչվերաց բառացիորեն նշանակում է «խաչը վեր բարձրացնել»։
Շատերի պատկերացումներում Խաչվերացն ասոցացվում է գերեզման գնալու և ուլի մսով կերակուր պատրաստելու հետ։ Սակայն եկեղեցին հիշեցնում է՝ սա ոչ թե սգո, այլ ուրախության և փառաբանության օր է։ 614 թվականին պարսից Խոսրով թագավորը նվաճեց Երուսաղեմը և գերեց Տիրոջ խաչափայտը։ Սուրբ նշանը գերության մեջ մնաց 14 տարի։ Միայն 628-ին Բյուզանդիայի Հերակլ կայսրը, իր դաշնակիցների՝ այդ թվում նաև հայ զորքերի օգնությամբ, կարողացավ ազատագրել խաչափայտը։ Դրա վերադարձն ու բարձրացումը Գողգոթայում դարձավ մեծագույն հաղթանակի խորհրդանիշ։
Խաչվերացի օրը եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր կարգը։ Խաչը զարդարվում է ծաղիկներով ու ռեհանով, դուրս է բերվում եկեղեցուց և պտտեցվում շուրջը՝ խորհրդանշելով խաչափայտի վերադարձի երթը։ Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը, հավատացյալների վրա վարդաջուր ցողում՝ խաղաղություն հայցելով Աստծուց։
Ըստ ավանդության՝ տոնից առաջ գյուղերում կանայք պատրաստում էին գաթա ու քաղցրավենիք, իսկ տղամարդիկ մորթում էին ուլ։ Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Հենց այս սովորույթների հիման վրա էլ տոնը երբեմն անվանվել է «Ուլնոց»։
