Պետական սահմանը հատելիս անձնագրերում դրվող կնիքներում այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանահատման կնիքների փոփոխության նախագիծը, ըստ որի՝ 2025 թ. նոյեմբերի 1-ից կդադարեցվի անձնագրային կնիքներում Արարատ լեռան պատկերն օգտագործելը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունը «մաքուր տեխնիկական է»․ նպատակ ունի նվազեցնել կեղծման ռիսկերը, բարձրացնել ընթեռնելիությունն ու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն։
Սակայն մի հարց անպայման առաջանում է․ իսկապե՞ս միայն տեխնիկական հարց ունենք, թե՞ գործ ունենք նաև քաղաքական ենթատեքստի հետ։
ԱԱԾ-ն ներկայացրել է մի շարք պատճառներ՝ նշումների ճանաչելիություն, չափերի օպտիմալացում, հակասությունների վերացում։ Բայց եթե իրականում խնդիրը տեխնիկական էր, ապա ինչո՞ւ փոփոխության միակ էական տարբերությունը հենց Արարատ լեռան պատկերն է։ Ինչո՞ւ չի պահպանվել նույն խորհրդանշական տարրը՝ օրինակ՝ թարմացված, պարզեցված գրաֆիկայով։
Ի վերջո, ժամանակակից տեխնոլոգիաներով հնարավոր է ստեղծել ցանկացած անվտանգության մակարդակի կնիք՝ անկախ նրանից, թե դրա վրա ինչ պատկեր կա։ Այս դեպքում բացատրությունը թվում է ոչ լիարժեք։
Արարատը հայկական ինքնության առանցքային խորհրդանիշն է։ Թեպետ այն գտնվում է Թուրքիայի տարածքում, այն Հայաստանի մշակութային անբաժան մասն է։ Հետևաբար, Արարատի «անհետացումը» պետական փաստաթղթերից չի կարող դիտարկվել միայն որպես տեխնիկական դետալ։
Այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը․ արդյո՞ք սա զուտ «նախաձեռնողական զիջում» է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կառավարությունը պաշտոնապես չի կապում այս որոշումը բանակցությունների հետ, բայց ժամանակային համընկնումը (նախօրեին Հայաստան էր ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը) առնվազն կասկածելի է։
