ՀայաստանՏնտեսություն

Արտահանում նվազել է, կորուստները մեծ են․ ի՞նչ է կատարվում հայկական ձկնաբուծության ոլորտում

2025 թվականի մարտի 16-ից սկսած Հայաստանը պաշտոնապես իրավունք ստացավ դեպի Եվրոպական Միության երկրներ արտահանել ձկներ և դրանց արտադրանքը։ Այն ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը նշել էր, որ ԵՄ գործընկերների հետ 8 տարի տևած աշխատանքի արդյունքում վերջապես հայկական արտադրության ձուկն ու ձկնամթերքը կարող է արտահանվել ԵՄ շուկա 4-5 օրվա ընթացքում։ 

Չնայած նրան, որ Հայաստանը ստացել է դեպի ԵՄ արտահանման իրավունք, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը amnews-ին տեղեկացնում է, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ձկնաբուծական տնտեսություն ԵՄ արտահանման թույլտվություն դեռևս չի ստացել: 

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը պնդում է, որ տեղական արտադրանքը եվրոպական նորմատիվային պահանջներին չի համապատասխանում, իսկ բարելավելու համար աշխատանքներ, ըստ նրա, գրեթե չի իրականացվում։

Նաև որակով պայմանավորված տեղական արտադրանքի արտահանումը նվազել է։ Զգալի անկում են ապրել հատկապես կենդանի և թարմ ձկան արտահանման ծավալները։ Արդյո՞ք ՍԱՏՄ-ի անցկացրած ստուգումները ազդեցություն ունեցել են այդ գործում, անասնաբուժության վարչությունը ձկան արտահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն չունի: Ե՛վ ծավալների և՛ որակների վրա նաև կերերի դերն է մեծ։ Արթուր Աթոյանը դժգոհում է, որ ձկան անկում է տեղի ունեցել, իսկ պատճառը անվերահսկելի է, քանի որ ՍԱՏՄ-ն չի կարողանում վերահսկել վտանգավոր կերերի ներմուծումը Հայաստան։

ՍԱՏՄ-ից, սակայն, նշում են հակառակը, որ կերերն անվտանգ են։ Մեր հարցին ի պատասխան տեսչական մարմինը պատասխանել է, որ անասնաբուժական ենթահսկման բեռները (տվյալ դեպքում կերերը) Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում, ինչը հավաստում է կերի անվտանգ լինելը:

Այն հարցին, թե ինչու են այդ դեպքում գնել պարսկական կեր, որը ձկան համար վնաս է, Աթոյանը նշում է, որ դրանք պարզապես էժան են։ Ներկրողի անունն էլ չցանկացավ տալ, քանի որ այդ հարցով իրենց կազմակերպությանը դիմելու փոխարեն ձկնաբույծները դիմել էին փաստաբանական ընկերության։

Նշվում է, որ մինչև տարվա վերջ արդեն կլինի որոշ խմբաքանակի արտահանում ԵՄ շուկա։ «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը ավելի վաղ նշել էր, որ եվրոպական չափանիշները չեն զիջում ռուսական, ամերիկյան կամ Արաբական Միացյալ Էմիրությունների չափանիշներին, որտեղ էլ տեղական ձկները արտահանվում են։