
Երևանում նոր անտառներ ու կանաչ տարածքներ են ստեղծվելու
Երևանի քաղաքապետարանը սկսել է քառամյա բնապահպանական ծրագիր, որի շրջանակում մայրաքաղաքում կավելանան կանաչ տարածքներն ու կստեղծվեն նոր քաղաքային անտառներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ապագայում կառուցվող շենքերի և համալիրների համար պարտադիր է լինելու ոչ միայն կանաչ գոտիներ նախատեսելը, այլև կոնկրետ ծառատեսակների տնկումը՝ ըստ շինության չափերի։
Այս տարի մինչև տարեվերջ Նուբարաշենի խճուղու մոտ կսկսվեն անտառտնկման աշխատանքներ՝ շուրջ 8,5 հեկտար տարածքում։
Վերջին տարիներին Երևանում արդեն ստեղծվել է ավելի քան 50 հեկտար կանաչապատ տարածք՝ անհրաժեշտ ոռոգման համակարգերով։ Դավիթաշենում ու Նոր Նորքում ձևավորվել է քաղաքային ուրբան անտառ, իսկ Նորք Մարաշում և Ուսանողական այգում ընթանում են վերականգնման աշխատանքներ։
Առաջիկայում նախատեսվում է Լվովյան փողոցի մոտ ևս 35 հեկտար անտառ տնկել։ Մի շարք վարչական շրջաններում արդեն ավարտվել է կանաչապատման քարտեզագրումը։