Դանակահարություն Երևանի կենտրոնում. կա տուժած
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևանում դանակահարություն է տեղի ունեցել։ Վիրավորը 18-ամյա երիտասրդ է եղել՝ Շիրակի մարզի բնակիչ։
Նա «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկների պայքարի շնորհիվ նրա կյանքը փրկվել է։
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորը տեղափոխվել է այգուց, որը գտնվում է Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց։ Նշված վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և գլխարկ։
Դեպքի կապակցությամբ հիվանդանոցից մոտ 15 անձանց են տեղափոխել քրեական ոստիկանություն՝ պարզելու նրանց հնարավոր մասնակցությունը կամ ականատես լինելը։
Քննչական մարմինները նախաձեռնել են քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու համար, ինչպես նաև ձեռնարկում են միջոցառումներ հանցագործության գործիքներ հայտնաբերելու ուղղությամբ։
