Դեղատնային և բժշկական ոլորտում բացահայտվել է 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն
ՀՀ պետական եկուտների կոմիտեն հայտնում է, որ մի շարք հարկ վճարողներ հատուկ ծրագրային միջոցների միջոցով թաքցրել են շուրջ 34 միլիարդ դրամի իրական շրջանառություն, որի հետևանքով պետական բյուջե չի մուծվել շուրջ 10 միլիարդ դրամ հարկ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ընկերություն, որը հաշվապահական ծրագրերում ներդրել է գործիքներ՝ իրական շրջանառությունները թաքցնելու համար։ Նա համագործակցել է հիմնականում դեղատնային և բժշկական ոլորտի կազմակերպությունների հետ։
9 հարկ վճարողի կողմից պետությանը հասցվել է 2,9 միլիարդ դրամի վնաս։ Որոշ դեղատներում իրացվել են նաև ՀՀ-ում չթույլատրված դեղամիջոցներ։
Քննության ընթացքում միաժամանակ խուզարկություններ են կատարվել, այդ թվում՝ մեկ ընկերությանը պատկանող 61 դեղատներում, առգրավվել են փաստաթղթեր և սերվերային համակարգեր։ Վերջիններից ստացված տվյալներով պարզվել է, որ առևտրային ծրագրերում ներառված է եղել ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների մասին տեղեկություն։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ից նշում են, որ բացահայտված հարկային պարտավորությունների չափը կարող է էապես ավելանալ, քանի որ առգրավված շտեմարանը դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրվել։
