ԿրթությունՀայաստան

Երևանում մեկնարկել է «Մենք» առաջնորդության դպրոցը

Երևանում մեկնարկել է «Մենք» առաջնորդության դպրոցը, որը կազմակերպել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը։ Ծրագիրը միավորել է Հայաստանի տարբեր բուհերից ընտրված ավելի քան երկու տասնյակ երիտասարդների՝ Երևանի Պետական, Վ. Բրյուսովի անվան պետական, Հայ-ռուսական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից։

Դպրոցի նպատակը երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական և մեդիա հմտությունների զարգացումն է՝ համատեղելով տեսական գիտելիքն ու գործնական փորձը։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի և Սփյուռքի 18–25 տարեկան մասնակիցների համար։

Դասընթացները տևելու են սեպտեմբերի 15–19-ը։ Հաջորդ երեք օրերին մասնակցիները ներգրավվելու են գործնական աշխատանքների ու եռօրյա պրակտիկայի հայկական լրատվամիջոցում։ Լավագույնները հնարավորություն կունենան վարձատրվող փորձաշրջան անցնելու։ Բանախոսների շարքում են ոլորտի փորձառու մասնագետներ՝ կառավարման, մեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և SMM ոլորտներից։ Նրանք մասնակիցների հետ կկիսվեն գործնական խորհուրդներով և մեդիա հմտությունների զարգացման մոտեցումներով։

Առաջին օրը մասնակիցներին դիմավորել է հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ ընդգծելով դպրոցի առաքելությունը՝ «ձևավորել նախաձեռնող ու պատասխանատու ապագա առաջնորդներ»։ Հաջորդ բանախոս Միլենա Մկրտչյանն էլ խոսեց առաջնորդի հմտությունների մասին և ինտերակտիվ խաղի միջոցով փորձեց ցույց տալ արհեստական բանականության ազդեցությունը հասարակության վրա։

Ծրագիրը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը և ավարտվելու է մասնակիցների նախագծերի ներկայացմամբ։

Հարկ է նշել, որ Առաջնորդության դպրոցը իրականացվում է 2021 թվականից։ Առաջին տարում այն անց է կացվել երկու ուղղություններով՝ «Երիտասարդ լրագրողների դպրոց» և «Երիտասարդ առաջնորդների դպրոց»։