ՀայաստանՍոցիալական

Ծառայած և զորացրված գործազուրկ քաղաքացիների համար մեկնարկել է մասնագիտական ուսուցման և աշխատանքի աջակցման ծրագիր

Հայաստանում մեկնարկել է ծրագիր, որը նախատեսված է աջակցելու 2016, 2020 և 2022 թվականների ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված և գործազուրկ մնացած քաղաքացիներին։ Ծրագիրը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր․ հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել նոր մասնագիտություն կամ փորձ, և խրախուսում է գործատուներին ստեղծել ու պահպանել աշխատատեղեր։

Այն կառուցված է երեք տարբեր ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր կարիքների համար։ Եթե շահառուն ցանկանում է սովորել նոր մասնագիտություն կամ վերապատրաստվել, պետությունը փոխհատուցում է նրա ուսման վարձը՝ ամսական մինչև հիսուն հազար դրամի չափով, ինչպես նաև տրամադրում է կրթաթոշակ, որը կազմում է նվազագույն աշխատավարձի կեսը։ Բացի դրանից, մեկ տարվա ընթացքում փոխհատուցվում են նաև նրա աշխատավարձից գանձվող հարկերը՝ մինչև ամսական հիսուն հազար դրամի չափով։ Սա հնարավորություն է տալիս շահառուին առանց ֆինանսական ծանրաբեռնվածության սովորել և հետագայում ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում։

Ծրագրի երկրորդ տարբերակը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են անմիջապես անցնել աշխատանքի՝ նախնական փորձ ձեռք բերելով։ Այս դեպքում գործատուն երեք ամիս հնարավորություն է տալիս աշխատել և փորձ ձեռք բերել, ինչի արդյունքում կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Պետությունն իր հերթին գործատուին փոխհատուցում է աշխատավարձի ծախսերը նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև սոցիալական վճարները՝ առաջին երեք ամիսների ընթացքում մինչև քսանհինգ հազար դրամ, իսկ հաջորդ ինը ամիսներին՝ մինչև հիսուն հազար դրամ։ Այս մոտեցումը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ուզում են գործնականում փորձել իրենց ուժերը և աստիճանաբար մտնել աշխատանքի ընթացքի մեջ։

Երրորդ տարբերակը նախատեսված է գործատուներին խրախուսելու համար։ Եթե նրանք շահառուի հետ կնքում են առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, պետությունը տրամադրում է միանվագ փոխհատուցում՝ երեք հարյուր հազար դրամի չափով։ Սա ուղղված է նրան, որ գործատուները շահագրգռված լինեն նոր աշխատողներ ներգրավելու և երկարաժամկետ պահպանելու հարցում։

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է նախ գրանցվեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և քննարկեն իրենց համար առավել համապատասխան տարբերակը։

Սեդա Մարտոյան