ՀայաստանՍոցիալական

Հայաստանում օտարերկրացիներն էլ կկարողանան հեռակա կարգով ինտերնետ գնել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է օպերատորներին վիրտուալ SIM-քարտերի և ինտերնետ-փաթեթների հեռակա վաճառք իրականացնել նաև օտարերկրացիների համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը նշել է, որ մինչ այս հնարավորությունը հասանելի էր միայն Հայաստանի քաղաքացիներին, ովքեր օպերատորների հավելվածների միջոցով կարող էին ձեռք բերել վիրտուալ SIM-քարտեր առանց սպասարկման գրասենյակ այցելելու։ Այժմ զբոսաշրջիկները կարող են Հայաստան ժամանելուց առաջ ներբեռնել օպերատորի հավելվածը, լրացնել անձնական տվյալները, ակտիվացնել վիրտուալ SIM-քարտը և գնել ինտերնետ։

Հունանյանի խոսքով՝ այս որոշումը թույլ կտա տեղական օպերատորներին հետ չմնալ միջազգային ինտերնետային ծառայությունների (օրինակ՝ Airalo) հետ մրցակցությունից։ Վիրտուալ SIM-քարտերն ապահովում են ոչ միայն Հայաստանի տարածքում ինտերնետ, այլ նաև միջազգային ինտերնետ, ինչը տարբերում է դրանք սովորական հավելվածներից (Viber, WhatsApp և այլն)։

Բջջային օպերատորների համար այս հնարավորությունը ներկայումս պարտադիր չէ՝ միայն մեկն է ակտիվացրել այն, բայց ապագայում ՀԾԿՀ–ն կարող է պարտադիր դարձնել, եթե տեսնի, որ Հայաստանը հետ է մնում համաշխարհային միտումներից։