Երևանում փակվել է հանրային սննդի օբյեկտ․ քաղաքացիները հիվանդանոցում են սուր աղիքային վարակով
Երևանում կասեցվել է Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, որտեղից սնվելուց հետո 12 քաղաքացի հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Կոմիտաս 51 հասցեում գործող օբյեկտում։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրական գործընթացները իրականացվել են սննդամթերքի հիգիենայի նկատմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտումներով։
Մասնավորապես, տարածքում չի եղել տաք ջուր, օդափոխության համակարգը եղել է կեղտոտ, պատերը պատրաստված չեն եղել լվացվող և ախտահանվող նյութերից, մուտքի դուռը բացվել է անմիջապես խոհանոց, իսկ թափոնների համար նախատեսված բեռնարկղը չի ապահովել պատշաճ մաքրման և ախտահանման հնարավորություն։ Բացի այդ, սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման։
Արդյունքում՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
