ԱռողջությունՀայաստան

Ֆանարջյան կենտրոնում ռադիոթերապիայի սեանսի արժեքը սահմանվել է 40 000 դրամ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությամբ՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի մեկ սեանսի գինը այս պահին սահմանվել է 40 000 դրամ։ Նախարարը պարզաբանել է, որ այս որոշումը ժամանակավոր է, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով։

Նախարարը նշել է, որ սոցիալական խմբին պատկանող քաղաքացիները ծառայությունը ստանում են ամբողջովին անվճար, իսկ համավճարով սպասարկվող քաղաքացիների համար՝ ի շահ բուժառուի, սահմանվել է նվազագույն գին՝ 20 000 դրամ՝ 32 000-ի փոխարեն։

Նախարարը նաև շեշտել է, որ Ֆանարջյան կենտրոնում գինը զգալիորեն ցածր է այլ պետական կենտրոնների համեմատ, օրինակ՝ Էրեբունի բժշկական կենտրոնում մեկ սեանսի արժեքը 64 000 դրամ է։ Նա ընդգծել է, որ կենտրոնի համար առաջնայինը շահույթը չէ, այլ քաղաքացու շահը և մատուցվող ծառայության որակը։

Հայաստանում քաղցկեղով հիվանդանալու տարեկան դեպքերը միջինում հասնում են 8000-ի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիճակագրական տվյալներով՝ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի, իսկ վերջին տարիներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում, ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: