Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը համաձայնեցված չէ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար համաձայնեցված ժամկետ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա չհաստատեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, ըստ որի՝ փաստաթուղթը կարող է ստորագրվել հաջորդ տարվա սկզբին։
Մենք նման ժամկետ չենք նշել։ Ինչպես փաստաթղթի նախաստորագրման պահին, այնպես էլ դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցվեց, հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի խորհրդակցություններ սկսել ստորագրման տեղի և ժամկետի վերաբերյալ։ Հիմա էլ պատրաստ ենք,– նշեց Միրզոյանը։
Միրզոյանը լրատվամիջոցներին խորհուրդ տվեց նաև հարցում ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
Ավելի վաղ՝ վերջնական պայմանագրի ստորագրման մասին հարցի առնչությամբ Ալիևը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ երբ «ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին ամիսներին մի շարք հանդիպումներ են ունեցել տարբեր հարթակներում։ Նախորդ փուլում կողմերը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը, որը պետք է դրվի ստորագրման Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։
Չնայած ձեռք բերված որոշակի առաջընթացին, փաստաթղթի ստորագրման վերջնական ժամկետը դեռևս անորոշ է մնում։
