Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չորրորդ հանրապետությունն է հռչակում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է Հայաստանի «Չորրորդ հանրապետության» հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ն նախ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին՝ իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու ակնկալիքով։ Փաշինյանը ընդգծեց, որ կուսակցությունը նպատակ ունի ձևավորել սահմանադրական մեծամասնություն և ստանալ ժողովրդի վստահության քվեն։
Հռչակագրի երկրորդ կետով նախատեսվում է ժողովրդի կողմից վստահության քվե ստանալուց հետո նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունման գործընթաց՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Երրորդ կետում նշվում է, որ ՀՀ-ն պիտի հենվի 1991 թվականւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ շեշտելով 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։
Փաշինյանը նշեց նաև, որ ՔՊ-ն նախատեսում է ակտիվացնել Հայաստանի անդամակցության գործընթացը Եվրոպական միությանը՝ չհակադրելով այն տարածաշրջանային քաղաքականությանը և հավասարակշռված արտաքին հարաբերություններին։
Հռչակագրում առանձնացված է նաև հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու ուղղվածությունը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։
Վարչապետը նաև շեշտեց այլ ռազմավարական ուղղություններ․ կուսակցությունը մտադիր է շարունակել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը և խորացնել հակակոռուպցիոն պայքարը, զարգացնել հակակոռուպցիոն մեխանիզմները, ուժեղացնել ժողովրդավարական բարեփոխումները՝ հատկապես անկախ դատական համակարգի և մասնակցային կառավարման գործիքների զարգացման ուղղությամբ։
Կառավարության ծրագրում ընդգրկված է կրթության ոլորտի բարեփոխումների խթանումը, քաղաքացիների աշխատանքով բարեկեցության կառուցման գործելակերպի խթանումը, Ակադեմիական քաղաքի զարգացման կարևորության ընդգծումը, ինչպես նաև ներառական, մրցակցային և ստեղծարար տնտեսության զարգացումը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և ապաշրջափակման գործընթացների աջակցությամբ։
Սակայն հարկ է նշել, որ հայտարարությունները ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Այս նախաձեռնությունը կարող է ընկալվել որպես իշխանության կողմից ընտրություններին նախապատրաստվելու և իշխանությունը երկարաձգելու փորձ։
