ՀայաստանՍոցիալական

ՀԷՑ-ում սպասվում են նոր ազատումներ․ ժամանակավոր կառավարիչը անդրադարձել է հոսանքազրկումներին ու «Մուդիս»-ի գնահատականին

Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ–ում նախատեսվում են նոր ազատումներ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Երևանում գրանցված հոսանքազրկումներին։

Երեկ Փոքր Կենտրոնում ամբողջությամբ հոսանքազրկում գրանցվեց․ չէին աշխատում լուսացույցները, որի արդյունքում քաղաքում առաջացավ 10-բալանոց խցանում։ Հոսանքազրկվել էր նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ նվագախումբը կատարում էր հեռախոսների լույսերի ներքո։ Համերգի մեկնարկից մոտ կես ժամ անց էլեկտրաէներգիան վերականգնվեց։

Պետրոսյանը նշեց, որ եթե պետությունը միջամտություն չունենար, հոսանքազրկումը կտևեր ոչ թե մեկուկես, այլ 3–6 ժամ․

Հոսանքի անջատման պատճառը սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալն էր։

Նա անդրադարձավ նաև իր աշխատավարձին և հերքեց այն լուրը, թե ամսական մոտ 7 միլիոն դրամ է ստանում։

Պետրոսյանը մեկնաբանեց նաև ՀԷՑ-ի վերաբերյալ «Մուդիս» վարկանիշային կազմակերպության գնահատականը։

Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր «Մուդիս» կազմակերպությունը նվազեցրել է ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷՑ-ի վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը փոխելով «կայուն» կարգավիճակից «բացասականի»։