Google-ը ներկայացրել է Chrome-ի պատմության ամենախոշոր թարմացումը
Google-ը ներկայացրել է Chrome բրաուզերի պատմության ամենախոշոր թարմացումը՝ ինտեգրելով Gemini արհեստական բանականության մոդելը։ Նոր տարբերակը բրաուզերը դարձնում է ոչ միայն արագ, այլև խելացի ու առավել անվտանգ։ Gemini-ն կարող է պարզաբանել բարդ տեքստեր, ամփոփել մի քանի ներդիրների բովանդակությունը, հիշել նախորդում բացված էջերը բնական հարցմամբ, ինչպես նաև ապագայում օգտատիրոջ անունից կազմակերպել այցեր կամ պատվիրել առաքումներ՝ վերահսկողությունը թողնելով օգտատիրոջ ձեռքին։
Chrome-ում ավելի խորը ինտեգրվել են Google-ի ծառայությունները․ այժմ հնարավոր է անմիջապես աշխատել Calendar-ի, YouTube-ի և Maps-ի հետ։ Հասցեի տողում ավելացել է AI Mode ռեժիմ, որը հասկանում է երկար ու բարդ հարցերը և տալիս խորացված պատասխաններ՝ առանց էջը փոխելու։ Անվտանգության տեսանկյունից Safe Browsing-ը Gemini Nano մոդելով հայտնաբերում է խաբեությունների կայքեր ու կեղծ «վիրուսային սկաներներ», բրաուզերը նվազեցնում է ավելորդ push ծանուցումները, իսկ թույլտվությունների հարցումները դառնում են ավելի խելացի։
Գաղտնաբառերի կառավարիչը հնարավորություն է տալիս ոչ միայն ավտոմատ լրացնել տվյալները, այլև մեկ կոճակով փոխել վտանգված գաղտնաբառերը հայտնի կայքերում։ Google-ի խոսքով՝ այս փոփոխությունները Chrome-ը վերածում են ինտելեկտուալ գործընկերոջ, որը հասկանում է կոնտեքստը, հեշտացնում առօրյա գործերը և բարձրացնում օգտատիրոջ անվտանգությունն ու վերահսկողությունը։
