ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը ստացավ առավելագույն ձայները, մի շարք ազդեցիկ գործիչներ դուրս մնացին․ հրապարակվեց ՔՊ վարչության նոր կազմը

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ընտրվեց վարչության նոր կազմը։ Քվեարկությանը մասնակցել է 917 կուսակցական։

Վարչության նախագահ դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով ամենաշատը՝ 826 ձայն։ Վարչության նոր կազմում ընդգրկվել են նաև Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ալեն Սիմոնյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը և Արուսյակ Մանավազյանը։

Միևնույն ժամանակ, նոր կազմից դուրս են մնացել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և նախկին վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը։ Չի առաջադրվել Արփի Դավոյանի թեկնածությունը։ Չնայած մամուլում շրջանառվող խոսակցություններին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը նույնպես չընտրվեցին։

Հատկանշական է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի արդյունքը, որը լիահույս էր, որ կդառնա վարչության անդամ։ Նա հավաքել է 404 ձայն և ընդամենը մեկ ձայնով զիջել վարչության վերջին տեղը զբաղեցրած Արուսյակ Մանավազյանին։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ վարչության կազմում հայնտվել են նաև սկանդալի կենտրոնում հայտնված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և հաղորդագրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից հեռացված Գնել Սանոսյանը։