Տեղահանված ընտանիքների բնակարանային հավաստագրերի ժամկետը երկարացվեց մինչև 2028թ-ի դեկտեմբերի 31-ը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման հավաստագրերը կգործեն մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ հավաստագիր ստացել է 2823 ընտանիք, որոնցից 907-ը արդեն իրացրել է աջակցությունը։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է մի քանի եղանակով․ ընտանիքները կարող են ստանալ բնակարանի կամ անհատական տան ձեռքբերման հավաստագիր, օգտվել անհատական բնակելի տան կառուցման հավաստագրից կամ ստանալ աջակցություն գործող հիփոթեքային վարկի մարման համար։
Աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ երեքից հինգ միլիոն դրամի չափով։ Շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն և նախկինում չեն օգտվել այլ պետական բնակարանային ծրագրերից։
