ՀայաստանՔաղաքականություն

ԱՆԻՖ-ի շուրջ հակասությունները շարունակվում են

Պետական-մասնավոր ներդրումների հիմնադրամի (ԱՆԻՖ) շուրջ սկանդալը շարունակում է մնալ օրակարգում։ Վերջին ամիսներին միաժամանակ և՛ քրեական գործեր են հարուցվել հիմնադրամի նախկին ղեկավարների դեմ, և՛ քաղաքական մակարդակում ակտիվացել են մեղադրանքները ծրագրերի ձախողման համար պատասխանատուների վերաբերյալ։

Հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին՝ պետական միջոցների ներգրավմամբ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով։ Սակայն 5 տարիների գործունեության արդյունքում ԱՆԻՖ-ը այդպես էլ իր նպատակին չի ծառայել և ընդհանուր առմամբ մի քանի ծրագրեր են իրականացվել, որոնց ղեկավարներըշատ հաճախ իշխանություններին մոտ կանգնած անձինք էին։ ԱՆԻՖ-ի իրականացրած ծրագրերից ամենախոշորները «Masdar» ընկերության հետ «Այգ-1» արևային կայանի ծրագիրն էր, որը հետ էր ընկել ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը և «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը, որը դադարեց գործել 2024-ի սկզբին։ Բացի այդ, ԱՆԻՖ-ի ներդրումները, այդ թվում՝ 1,5 մլրդ դրամի չափով Դելավերում գրանցված CFW ընկերությունում, մի շարք հարցեր էր առաջ քաշում։

2025-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ Դավիթ Փափազյանի՝ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարի դեմ հարուցվել է քրեական գործ փաստաթղթերի կեղծման, հափշտակության և փողերի լվացման հոդվածներով։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանին և մեկ այլ ներդրումային հիմնադրամի ղեկավար Բելլա Մանուկյանին։

Միաժամանակ հարցաքննության են հրավիրվել ԱՆԻՖ- հետ կապ ունեցող անձինք, որոնց շարքում էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նախկինում ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը։ Նա հաստատել է, որ ԱՆԻՖ-ի գործով անցնում է որպես վկա։ Ավինյանը ակնարկել է, որ ծրագրերի ձախողման պատասխանատու է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինս իր հերթին մեղավոր է համարել հենց Ավինյանին։

Այս հակասությունների ֆոնին Դավիթ Փափազյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են մեղավոր դարձնել իրեն և իր թիմին այն ծրագրերի ձախողումների համար, որոնց պատասխանատվությունը, ըստ նրա, ընկած է կառավարության վրա։

ԱՆԻՖ-ի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ հիմնադրամը, որը ստեղծվել էր որպես տնտեսական բարեփոխումների գործիք, այսօր դարձել է քաղաքական և իրավական վեճերի առանցք։ Իսկ թե ինչո՞ւ են այս քննարկումները ընթանում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, մնում է հարց։