ԱշխարհՍպորտ

Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը․ Դեմբելեն դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

Սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հրապարակվել են ֆուտբոլային տարվա լավագույնների անունները։

Գլխավոր մրցանակը՝ տղամարդկանց «Ոսկե գնդակը», ստացել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Սա նրա կարիերայի առաջին «Ոսկե գնդակն» է։

Կանանց պայքարում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին, ով այս բարձրագույն տիտղոսին արժանանում է արդեն երրորդ անգամ։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է դարձել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող, 18-ամյա Լամին Յամալը։ Կանանց մրցապայքարում երիտասարդական մրցանակը ստացել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Վիկի Լոպեսը։

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձել է պատմության մեջ երկրորդ մասնագետը, որին շնորհվել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակը՝ որպես մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Տարվա լավագույն ակումբներ են ճանաչվել՝ կանանց մրցապայքարում՝ «Արսենալը», տղամարդկանց մրցապայքարում՝ Պարի Սեն-Ժերմենը, որը նվաճել է Ֆրանսիայի առաջնության, գավաթի, սուպերգավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթանակները։

Լև Յաշինի անվան մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, իսկ կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» ներկայացուցիչ Հանա Հեմփթոնը։

Մրցանակաբաշխության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել Պորտուգալիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին խաղացող Դիոգու Ժոտային, ով մահացել էր հուլիսին Իսպանիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, ինչպես նաև լեգենդար շոտլանդացի ֆուտբոլիստ Դենիս Լոուին, որը կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 84 տարեկանում։