ՀայաստանՊատահար

Արմավիրում հայտնաբերվել է ապօրինի որսի էլեկտրոնային սարք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ապօրինի որսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները հանրապետության տարբեր մարզերում։ Վերջին ստուգումների ընթացքում Արմավիրի մարզի Խանջյան գյուղի դաշտամիջյան տարածքում նրանք հայտնաբերել են արգելված որսի գործիք՝ «Լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված էլեկտրական սարք։ Այն անմիջապես առգրավվել և սահմանված կարգով ոչնչացվել է։

Ապօրինի որսի այս ձևը ոչ միայն խախտում է բնապահպանական օրենսդրությունը, այլև լուրջ սպառնալիք է բերում բնական հավասարակշռությանը։ Էլեկտրոնային ձայնարձակիչները բազմապատկում են որսի արդյունավետությունը՝ մի քանի անգամ գերազանցելով սովորական որսորդական մեթոդներին։

Թռչունները, լսելով իրենց համակի կամ զուգավորման ձայները, խաբվում են և մոտենում սարքին՝ դառնալով հեշտ զոհ։ Սա կարող է կտրուկ նվազեցնել որոշ թռչնատեսակների թվաքանակը և վտանգել դրանց բնական վերարտադրությունը։

Սեդա Մարտոյան