
Ի՞նչ է ԱԲ գործարանը, և ի՞նչ կտա այն Հայաստանին
Փարիզում տեղի ունեցած «VivaTech 2025»-ում հայտարարվեց, որ մեր երկրում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան»։ Նման բառերը գայթակղիչ են հնչում․ ոմանք արդեն սա համարում են պատմական քայլ, մյուսները հարց են տալիս՝ ի՞նչ է իրականում նշանակում «ԱԲ գործարան» և ի՞նչ կտա այն Հայաստանին։
«ԱԲ գործարանը» հսկայական տվյալների կենտրոն է, որտեղ հզորագույն համակարգիչների՝ գրաֆիկական պրոցեսորների միջոցով, ուսուցանվում և գործարկվում են արհեստական բանականության մոդելները։ Այդ համակարգիչները սովորական սարքեր չեն․ դրանք նախատեսված են վայրկյանում միլիարդավոր հաշվարկներ կատարելու համար։ Այս նույն տեխնոլոգիան է հիմք հանդիսանում այնպիսի գործիքների համար, ինչպիսիք են ChatGPT-ն կամ Google-ի Gemini-ն։
Հայաստանում գործարանը կկառուցվի ամերիկյան «Firebird» ընկերության, «NVIDIA»-ի, «Team Group»-ի և կառավարության համագործակցությամբ։ Սա առաջին նման ծավալի կենտրոնը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավային Կովկասում։ Նախ, Հայաստանը իր տեղն է ունենում ԱԲ համաշխարհային քարտեզի վրա։ Եթե նախկինում մեզ հիմնականում գիտեին ծրագրավորման դպրոցներով ու ստարտափներով, ապա հիմա կարող են ճանաչել որպես երկիր, որտեղ գործում է տարածաշրջանի առաջին խոշոր ԱԲ կենտրոնը։
Հետաքրքիր է, որ Հայաստանում օրական արտադրվում է շուրջ 58 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Եթե համեմատական տանենք շուտով գործարկվող ԱԲ գործարանի հետ, ապա գործարանի կատարած ծախսը կկազմի Հայաստանում օրական արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 16 տոկոսը։ Գործարանը կսպառի այնքան էլեկտրաէներգիա, որքան 100 հազար տնային տնտեսություն։ Սա լուրջ բեռ է։ Բայց ճիշտ մոտեցմամբ այն կարող է դառնալ խթան՝ ներդրումներ ներգրավելու մաքուր էներգիայի ոլորտում, օրինակ՝ արևային կայաններ կամ էլեկտրաէներգիայի պահեստավորման նոր լուծումներ։ Երկրները այսօր ձգտում են ունենալ սեփական հզորություններ, որպեսզի կախված չլինեն արտաքին կառույցներից։ Եթե Հայաստանը ճիշտ կառավարի այս նախագիծը, կարող է ամրապնդել իր վերահսկողությունը տվյալների ու տեխնոլոգիաների նկատմամբ։ Գործարանը կարող է դառնալ այն դպրոցը, որտեղ կձևավորվեն նոր սերնդի մասնագետներ՝ տվյալագիտությունից մինչև կիբերանվտանգություն։
Եթե այս ամենը արվի, ապա նախագծի «Stargate» անունը պարզապես գեղեցիկ անվանում չի լինի, այլ իրականում կբացի Հայաստանի համար նոր դռներ՝ դեպի տեխնոլոգիական ապագա։ Նախագիծը կգործարկվի 2026 թվականին։