
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե որ դեպքում «վեճը» վերաջացած կլինի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին երեք նախագահներին ուղղված հրապարակային բանավեճի հրավերը սուր արձագանքների պատճառ դարձավ, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց՝ ներկայացնելով իր պայմանը։ Մատենադարանում իր 80-ամյակին նվիրված գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Տեր-Պետրոսյանը բանավեճի հրավերին պատասխանեց հստակ.
Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռքի տակ են։ Եթե դա անի, վեճն արդեն վերջացած կլինի, քանի որ ամեն ինչ այնտեղ ասված է։ Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանը, միևնույն է, փաստաթղթերը հրապարակելուց հետո մեղքը կգցի իր վրա, Տեր-Պետրոսյանն անտարբեր արձագանքեց․ «Թող գցի»։
Հարցին՝ արդյոք նա Փաշինյանին համարում է իր «հոգեզավակը», Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ այդ կարծիքը ուրիշներինն է, ոչ թե իրենը։ Նա հիշեցրեց 2008 թվականի իրենց համագործակցությունը՝ նշելով, որ այդ ժամանակ իր կողքին բազմաթիվ մարդիկ են եղել, և Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր, որ շատ լավ է աշխատել։ Անդրադառնալով 2018 թվականի «հեղափոխության» մասին իր նախկին դրական գնահատականին, Տեր-Պետրոսյանը նշեց, որ դա այնպիսի մի փոթորիկ էր… Մարդը հաջողեց, և դա պետք է գնահատել։ Ինչ նպատակ դրել էր, հասավ։
Առաջին նախագահը խիստ քննադատեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ այն համարելով պատերազմին բերող քայլ, որը կործանել է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային լուծումների բոլոր հնարավորությունները։ Տեր-Պետրոսյանը կտրականապես մերժեց այն կարծիքը, թե Փաշինյանն առաջ է գնում իր առաջ քաշած խաղաղության օրակարգով։
Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան՝ իմ և իր վարած քաղաքականությունները, բացարձակապես ոչ մի կապ չունեն,- վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հրապարակային մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ նախկին երեք ղեկավարների հասցեին՝ ընտրությունները կեղծելու, երկիրը քաոսի մեջ ներքաշելու և 18-ամյա զինվորներին ՀՀ սահմաններից դուրս ծառայության ուղարկելու համար։ Այս մեղադրանքներին ի պատասխան՝ նա կրկին նախագահներին հրավիրեց բանավեճի, ինչը նախկին ղեկավարների գրասենյակների կողմից ստացավ բավականին կոշտ արձագանք։ Մենք արդեն անդրադարձել ենք նախագահների միջև հակասություններին: