Կաթնամթերքի դարակաշարերի գունանշման պահանջը մարզերում հիմնականում չի պահպանվում
Կառավարության որոշումները մարզերում հաճախ թղթի վրա են մնում։ Նման որոշումներից մեկն է կաթնամթերքի դարակաշարերի գունանշման մասին օրենքն է։ Amnews-ը մշտադիտարկումներ է իրականացրել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք խանութներում՝ պարզելու, թե օրենքը ինչքանով է գործում։ Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ Երևանում դիտարկված մի քանի խանութներում՝ մասնավորապես «Ծիրան», «Երևան Սիթի», «MG» և «Զովք», «888» սուպերմարկետներում, պահանջը մեծամասամբ պահպանվում է, իսկ մարզերում օրենքը հիմնականում խախտվում է։ Ընդ որում՝ ուսումնասիրություններ իրականացվել են Գեղարքունքի, Սյունիքի, Արմավիրի մարզերում։ Խոշոր սուպերմարկետներում օրենքը հիմնականում պահպանվում է, իսկ փոքրիկ կրպակներում և խանութներում գունավորված դարակաշարեր չկան։
Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ կաթնամթերքի դարակաշարերը կամ գնապիտակները պետք է ունենան գունանշում՝ բնական և բուսական կամ խառը բաղադրությամբ կաթնամթերքի տարբերակման համար։ Գործնականում դա իրականացվում է երկու եղանակով․ երբեմն կանաչ և կարմիր գույներով ներկվում են գնապիտակները, իսկ երբեմն՝ ամբողջ դարակաշարը։
Նախաձեռնության գաղափարը նախկինում մեծ քննարկումների առիթ էր դարձել․ մասնագետները կարևորում էին սպառողի իրազեկվածությունը և ընտրության ազատությունը, իսկ արտադրողները մտահոգություն էին հայտնում՝ նշելով, որ դարակաշարերի պարտադիր գունանշումը կարող է շուկայում անհավասար պայմաններ ստեղծել։
Այս պահին վերահսկողությունն իրականացվում է մակերեսային․ Երևանի խոշոր ցանցերում կանոնները գործում են, մինչդեռ մարզերում հաճախ դժվար է գտնել գունանշված դարակաշարեր։
Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ օրենքի ընդունումը միայն բավարար չէ։ Անհրաժեշտ է հստակ վերհսկողություն իրականացնել և լրացնել բացերը։
