ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը Նիդերլանդներում դատախազ կունենա

ՀՀ կառավարությունը որոշեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանությանը կից գործուղել ներկայացուցիչ դատախազի, որը կզբաղվի Եվրաջասթի (Eurojust) համագործակցության հարցերով։

Որոշման հիմնավորման համաձայն՝ այս քայլը կօգնի ապահովել անդրազգային հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների արագ փոխանակումը։

Կառավարությունից հիշեցնում են, որ 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել և սեպտեմբերի 10-ին վավերացվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը նաև կարգավորում է Հայաստանի ներկայացուցիչ դատախազի գործունեությունը Եվրաջասթում։

Ըստ գործադիրի՝ նոր գործիքակազմի կիրառումը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։