
Կառավարությունը 2026-ին կկրճատի պաշտպանական բյուջեն 15 տոկոսով
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ամենամեծ փոփոխությունը վերաբերում է պաշտպանությանը։ Հաջորդ տարի ռազմական ծախսերը կկրճատվեն շուրջ 15.2 տոկոսով։ Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563 միլիարդ դրամ՝ մոտ 1.5 միլիարդ դոլար, ինչը այս տարվա համեմատ ավելի քիչ է մոտ 265 միլիոն դոլարով։
Միևնույն ժամանակ, ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել ավելի քան 5 տոկոսով։ 2026-ին կառավարությունը ծրագրում է ծախսել մոտ 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ կամ 9.5 միլիարդ դոլար։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեն հաշվարկված է 5.4 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ։ Եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից գրեթե ամբողջը՝ 2 տրիլիոն 972 միլիարդը, հարկային մուտքերից։
Պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 4.5 տոկոսն է։ Նախարարը ընդգծել է, որ միջնաժամկետում այն կիջնի մինչև 2.8 տոկոս, ինչի արդյունքում պետական պարտքը 2026-ի վերջում կկազմի ՀՆԱ-ի 53.5 տոկոսը։
Նախագիծը առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով՝ ոլորտային քննարկումների համար։