
Հայաստանում ատոմակայան կկառուցի Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ն, թե՞ երրորդ երկիր․ ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը
Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ակտիվորեն ուսումնասիրում է փոքր մոդուլային ատոմակայանների կառուցման տարբերակները։ Նրա խոսքով՝ այս հարցում հիմնական գործընկերը Ռուսաստանն է։
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը և «Ռոսատոմը» արդեն աշխատում են Հայկական ԱԷԿ-ի կյանքը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ։ Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է նաև մտածել նոր, ժամանակակից լուծումների մասին․
Այսօր ատոմային էներգիան համարվում է ոչ միայն կայուն, այլև կանաչ էներգիայի աղբյուր։ Մենք ուսումնասիրում ենք մոդուլային ատոմակայանների նախագծերը և Ռուսաստանի հետ շատ ակտիվ քննարկումներ ենք ունենում այս թեմայով, – նշել է վարչապետը։
Նա նաև ընդգծել է, որ թեև այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է համաշխարհային գործոնների ազդեցությամբ, կողմերը վստահ են, որ կարող են վերականգնել աճի տեմպերը։ Մենք երեկ անդրադարձ էինք կատարել ատոմակայան կառուցելու մասին ծրագրին։ Շատ մասնագետներ նշում են, որ Հայաստանին ձեռնտու է ոչ թե մեծ ատոմակայան, այլ փոքր մոդուլային ռեակտորներ։ Մասնագետները միաձայն շեշտում են, որ նոր ատոմակայանի ընտրությունը պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ զուտ տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա հիմնված որոշում։ Հարևաններից ատոմակայան է կառուցում Թուրքիան «Ակկույու» անվամբ։ Հզորությունը մոտ 4800 ՄՎտ (4 ռեակտոր) է նախատեսվում։ Վրաստանը չունի ատոմակայան, Իրանն ունի «Բուշեհր» ԱԷԿ, նախատեսում է նոր բլոկեր, իսկ Ադրբեջանը քննարկումներ ունեցել է, բայց կոնկրետ նախագիծ չունի։
Հանդիպմանը երկու կողմերից էլ ներկա են եղել բարձր մակարդակի պաշտոնյաներ․ ռուսական կողմից՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայկական կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանի այցի հիմնական նպատակը մասնակցությունն է սեպտեմբերի 25–28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների պաշտոնյաներ, գիտնականներ ու էներգետիկ մասնագետներ։