
Հունվարի 27-ը կարող է դառնալ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և խոնարհումի օր
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հանդես են եկել նոր օրինագծով․ նրանք առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։
Նախագծի հեղինակները համոզված են՝ պետք է ունենալ առանձնացված օր, երբ ամբողջ ժողովուրդը միասին կհարգի հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակը։ Ռուբինյանը նշել է, որ հունվարի 27-ը կլինի խոնարհման և հիշատակի օր, իսկ հունվարի 28-ին, ինչպես միշտ, կշարունակվի նշվել Բանակի օր՝ որպես կյանքի և կամքի խորհրդանիշ։
Այս ամսաթիվը որևէ կոնկրետ պատերազմի հետ կապ չունի․ 2016-ի քառօրյան սկսվեց ապրիլի 2-ին, 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց Արցախի դեմ։
Հիշեցնենք, որ դեռ 2024-ին Գեղամ Նազարյանը առաջարկել էր սեպտեմբերի 27-ը դարձնել հիշատակի օր, սակայն կառավարությունը մերժեց այդ տարբերակը։ Իշխանության հիմնավորումն այն էր, որ հունվարի 28-ի Բանակի օրը արդեն ներառում է նաև զոհվածների հիշատակի ոգեկոչումը։