
Իրանը միանշանակ չի վերաբերում վաշինգտոնյան փաստաթղթին․ Թեհրանի համար «անհասկանալի պահեր» կան
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ներկայացվեց որպես պատմական առաջընթաց․ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության ու հաղորդակցությունների բացման մասին։ Հռչակագրով նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական նշանակության ճանապարհ կառուցել, որը ստացավ խորհրդանշական անվանում՝ «Թրամփի ուղի»։ ԱՄՆ-ն այդ ճանապարհը վարձակալում է 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Թղթի վրա ամեն ինչ հնչում է որպես շահեկան նախագիծ, բայց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այս օրերին բաց տեքստով հիշեցրեց․ Վաշինգտոնյան փաստաթղթում կան «անհասկանալի պահեր»։
Դեսպանի հայտարարություններից պարզ դարձավ, որ խնդիրը ոչ թե Հայաստանի և Իրանի հարաբերություններում է, այլ հենց նախագծի բովանդակության մեջ։ Մասնավորապես՝ անորոշ է, թե ինչպե՞ս է ձևավորվելու համատեղ գործակցությունը, ո՞վ է ներդրումներ կատարելու և ի՞նչ վերահսկողություն կունենա Հայաստանը։ Երբ այս հարցերի պատասխանները չկան, որևէ պետություն չի շտապի անվերապահ աջակցություն հայտնել։
Սոբհանիի կարևորագույն դիտարկումն այն էր, որ եթե Նախիջևանը հնարավորություն է ստանում կապ հաստատելու Ադրբեջանի հետ, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը պետք է ունենա ուղիղ կապ Իրանի հետ։
Իրանը միշտ ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն բոլորի համար հավասար պայմաններով։ Եթե որևէ ճանապարհ գործելու է ընտրովի սկզբունքով՝ ծառայելով մեկ երկրի շահերին և սահմանափակելով մյուսներին, ապա այդ նախագիծը երկար կյանք չի ունենալու։ Մինչ օրս իշխանությունները միայն մասնակի բացատրություններ են տվել՝ նշելով, թե «հող չեն վարձակալում, այլ տալիս ենք կառուցապատման իրավունք»։ Բայց սա ավելի շատ բառախաղ է, քան բովանդակային բացատրություն։ Հարցերը մնում են բաց։