
Մերձավանի սպանության գործով նոր ապացույցներ են հայտնաբերվել
Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով նոր ապացույցներ կան։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կասկածյալին պատկանող շինությունում հայտնաբերվել են իրեր, որոնք անմիջականորեն կապ ունեն հանցագործության հետ։
Հայտնաբերվել են այն դիմակը, ձեռնոցները, կոշիկներն ու բաճկոնը, որոնք, ըստ նախաքննության, օգտագործվել են սպանության պահին։ Բացի այդ՝ գտել են գիշերային տեսանելիության սարք։ Ըստ ՔԿ-ի, կասկածյալը փորձել է այրել ու ոչնչացնել այս ապացույցները, սակայն դա նրան չի հաջողվել։
Նախաքննությունը շարունակվում է․ իրավապահները որոնում են նաև ինքնաձիգը, որով, ըստ նախնական տվյալների, կատարվել են կրակոցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց տան բակում, դիմակավոր անձը կրակահերթ է արձակել երեք տղամարդու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Մեկ այլ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, վիրավորում է ստացել։
Գործով կասկածյալը Նարեկ Օհանյանն է․ նա Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ազգականն է և այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։