
ՆԳՆ-ից հայտնում են, որ Մերձավանում սպանությունը փետրվարի իրադարձությունների շարունակությունն է
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը պատահականություն չէ։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այն այս տարվա փետրվարի Մերձավանի իրադարձությունների շարունակությունն է և որևէ կապ չունի քաղաքականության հետ։
Հիշեցնենք, փետրվարին հարձակվել էին Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա։ Այդ օրը սպանվել էր նրա հարազատ Գրիգոր Օհանյանը, ևս մեկ մարդ վիրավորվել էր։ Հարձակման մեջ ներգրավված էր նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Ըստ նախաքննության՝ վեճը սկսվել էր գրեթե անիմաստ պատճառից՝ մեքենա արագ վարելու և «չբարևելու» հարցից։ Սակայն վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի ու կրակոցների։ Այդ ժամանակ Գրիգոր Օհանյանը ստացել էր հրազենային վնասվածք և մահացել։
Նարեկ Սարգսյանը նշում է՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը հենց այդ միջադեպի շարունակությունն է։
Միևնույն ժամանակ նա հակադարձեց կարծիքներին, թե այս ամենը տեղի է ունենում ոստիկանության անգործության հետևանքով։ Սարգսյանի խոսքով՝ դեպքից հետո ոստիկանները ամիսներ շարունակ հենակետեր են տեղադրել, տարբեր վայրերում փորձել կանխել հնարավոր բախումները։
Տասնյակ անգամներ տեղեկություն ենք ստացել, որ կողմերը պատրաստվում են հանդիպել, հարցերը պարզաբանել։ Ոստիկանները գնացել են տեղ, երբեմն հաջողվել է կանխել հանդիպումը, երբեմն՝ ոչ,- ասաց ՆԳՆ խոսնակը։
Ինչ վերաբերում է Ախտոյանների ընտանիքի շուրջ շրջանառվող խոսքերին, որ նրանք հայտնի են քրեական պատմություններով, Սարգսյանը նշեց․
Մի քանի անգամ բերման են ենթարկվել ապօրինի զենքի կասկածանքով, բայց իմ տեղեկություններով՝ որևէ բան չի հայտնաբերվել։
Վերջին ողբերգական միջադեպը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ի երեկոյան։ Դիմակավորված ու ձեռնոցներով անձը կրակ բացեց Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան բակում կանգնած մարդկանց վրա։ Արդյունքում սպանվեցին համայնքապետը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Մեկ այլ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, վիրավորվեց։
Ոստիկանությունը արդեն ունի կասկածյալ․ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը՝ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականը։