
Երևանի դպրոցներում կարգելվի հեռախոսների օգտագործումը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է սահմանափակել բջջայինների և այլ սմարթ սարքերի օգտագործումը դպրոցներում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ այս փոփոխությունը ոչ թե կվնասի, այլ հակառակը՝ կնպաստի երեխաների կրթությանը և առօրյային։
Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը պարզաբանեց՝ սահմանափակումները կսպառնան ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին ու խելացի ժամացույցներին։
1-6-րդ դասարաններ – երեխաներին թույլ չի տրվի դասերի, միջոցառումների կամ ընդմիջումների ժամանակ իրենց մոտ պահել միացված հեռախոս։ Եթե որևէ պատճառով անհրաժեշտ լինի բերել, ապա դասի սկզբում այն կհանձնվի դասղեկին և կվերադարձվի միայն վերջում։
7-10-րդ դասարաններ – հեռախոսներն ու սարքերը կարելի է օգտագործել միայն ուսուցչի թույլտվությամբ և միայն կրթական նպատակներով։ Այդ «արտոնությունը» կլինի շաբաթական առավելագույնը 1-2 անգամ։
Քաղաքապետարանը նախատեսում է 15 դպրոցում փորձնական դիտարկում իրականացնել։ Տարվա վերջում կվերլուծվեն արդյունքները՝ թե ինչպես են փոփոխվել երեխաների ֆիզիկական, հոգեբանական վիճակն ու առաջադիմությունը:
Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա կանոնները կներառվեն նաև դպրոցների ներքին կանոնադրություններում։