ՀայաստանՏնտեսությունՔաղաքականություն

Ազգային ժողովում քննարկվել են հայ–թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դառնալ Հայաստանի զարգացման կարևոր հնարավորություն։

Պապոյանի խոսքով՝ փակ սահմանները տարիներ շարունակ գործել են Հայաստանի տնտեսական չեզոքացման նպատակով։

Նա հիշեցրեց, որ այս թեմայով գիտական հոդված է հրապարակել միջազգային ամսագրում՝ կոչ անելով ընդդիմախոսներին հանդես գալ հակափաստարկներով։ Պապոյանը նաև թվեր ներկայացրեց՝ նշելով, որ առևտրի նմանության ինդեքսը Հայաստանի և Թուրքիայի միջև ընդամենը 0.25 է, ինչը վկայում է, որ երկու երկրների արտահանման կառուցվածքները տարբեր են։ Ըստ նրա՝ սահմանների բացումից հետո ներմուծվող ապրանքների ինքնարժեքը կնվազի, և դա կբերի գների անկմանՀայաստանի շուկայում։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, արձագանքելով նախարարին, ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտը կարող է լրջագույն հարված ստանալ։

Պապոյանը պատասխանեց, որ ռիսկերը կառավարելի են և պետությունը պետք է ապահովի հավասար մրցակցային դաշտ։ Նա ընդգծեց, որ առանձին մշակաբույսերի դեպքում դժվարություններ կարող են լինել, սակայն դրանք լուծելի են։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն 1991 թվականից։ Սահմանը փակվել է 1993 թվականին՝ Անկարայի նախաձեռնությամբ, երբ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում։ 2021-ից սկսած երկու երկրները հատուկ ներկայացուցիչների մակարդակով վարում են կարգավորիչ բանակցություններ, որոնց վերջին փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Երևանում։