
Գավառում վերաբացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը
Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակում պաշտոնապես կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը։
Գավառի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև բանակցությունների արդյունքում, քաղաքի Կենտրոնական հրապարակում հատկացվել է 284,3 քմ տարածք՝ երկուհարկանի շենքում։ Պատկերասրահի միջոցներով տարածքը ամբողջապես վերանորոգվել է։
Նոր բացվող ցուցադրությունը ներառում է թե՛ հիմնական հավաքածուն, թե՛ ժամանակավոր ցուցահանդեսների ձևաչափով ֆոնդերից չցուցադրված գործեր։ Մասնագիտացված էքսպոզիցիայի կենտրոնում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Սևանա լիճը և հարակից բնությունը, գյուղական միջավայրն ու կենցաղային տեսարանները, որոնք ներկայացնում են 20-րդ դարի հայ և համաշխարհային արվեստի տարբեր ոճեր։
Մասնաճյուղի վերաբացումը ուղեկցվելու է կրթական ծրագրերով, որոնց մասնակցում են Գավառի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։ Բացման միջոցառմանը ելույթ կունենան նաև «Մեղեդի» լարային քառյակը։
Պատկերասրահը հիմնվել է 1991 թվականին՝ ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Այստեղ ներկայացված են շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա և քանդակ, որոնք ներկայացնում են Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Ալխազյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ ճանաչված արվեստագետների գործերը։