ՀայաստանՄշակույթ

Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա «Արենի գինու փառատոնը»

Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի Արենի համայնքում կանցկացվի «Արենի գինու փառատոն»-ը։ Միջոցառումը կմիավորի տասնյակ գինեգործների, ռեստորանների, երաժիշտների և հազարավոր հյուրերի։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ փառատոնը կարևոր դեր ունի մարզային զբոսաշրջության խթանման գործում։

«Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը նշում է, որ գյուղը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է ապրել․ կառուցվել են հյուրանոցներ ու հյուրատներ, զարգացել է ենթակառուցվածքը։

Փառատոնը կմեկնարկի ժամը 12։00-ին խաղողի ճզմման արարողությամբ։ Նախատեսված է նաև համերգային ծրագիր։

«Արենի զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Սյուզաննա Մարգարյանի խոսքով՝ փառատոնը նպաստում է համայնքի տնտեսական ու տուրիստական զարգացմանը։ Այսօր Արենիում գործում են ավելի քան 30 հյուրատներ, գաստրո բակեր և նոր համտեսի սրահներ։

Միջոցառման նպատակը գինեգործական ավանդույթների պահպանումն ու ներկայացնելն է, ինչպես նաև սահմանամերձ համայնքի զբոսաշրջային ներուժի բացահայտումը։

Սեդա Մարտոյան