
Փաշինյան–Ալիև հակասական ելույթները ՄԱԿ-ում․ խաղաղության պայմանագիրն ու «միջանցքի» վեճը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին արտահայտվեցին խաղաղության և դրա շուրջ վեճերի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը պատմական հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատելու համար։ Սակայն վարչապետը զգուշացրեց․ խաղաղությունը պետք է «ամեն օր խնամել», և դրա համար կարևոր է օգտագործել խաղաղ, լեգիտիմ և համաձայնեցված խոսույթ։
Փաշինյանը հատկապես անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։
Ոչ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում, ոչ էլ որևէ այլ տեղ նման արտահայտություն չկա։ Հայաստանում այն ընկալվում է որպես տարածքային պահանջ և կոնֆլիկտային խոսույթ,- նշեց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից և հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարի ՄԱԿ-ի ամբիոնից կկարողանա հայտնել երեք կարևոր փաստի մասին․ խաղաղության պայմանագիրը ստորագրված կլինի, հայ–թուրքական սահմանը բացված լինի, և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի խոշոր հատվածն իրականացված լինի։
Իլհամ Ալիևը նույն ամբիոնից հայտարարեց, որ իր պատկերացրած խաղաղության հիմքում հենց «Զանգեզուրի միջանցքն» է։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը պետք է ապահովի այդ «միջանցքը»։ Ալիևն անգամ հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 10-ը մնացել է պատմության մեջ որպես «Հայաստանի կապիտուլյացիայի օր»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ալիևի հայտարարությունները որակեց անհարգալից ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ նախագահի հանդեպ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ անհնար է Ալիևին ստիպել հրաժարվել այդ արտահայտությունից։ «Միջանցք» բառը նրան պետք է թե՛ ներքին լսարանի, թե՛ արտաքին սպառման համար։ Սակայն փորձագետը կարծում է, որ Հայաստանի համար ավելի կարևոր է կենտրոնանալ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների բովանդակության վրա և թույլ չտալ, որ Ադրբեջանը խախտի դրանք։
Նրա խոսքով՝ Բաքուն շարունակում է փորձարկել միջազգային հանրության «կարմիր գծերը»՝ տեսնելու, թե որքան հեռու կարող է գնալ։ Իսկ Հայաստանի խնդիրն է անել այնպես, որ հաղորդակցությունների բացման արդյունքում ստանա նույն հնարավորությունները, ինչ Ադրբեջանը։
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «միջանցք» բառը ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ծրագրերի հետ և միայն վնասում է խաղաղության մթնոլորտին։
Եթե իսկապես ուզում ենք խաղաղություն, ապա պետք է կենտրոնանանք ոչ թե ագրեսիվ բառերի, այլ արդեն համաձայնեցված փաստաթղթերի կյանքի կոչման վրա,- ասաց նա։